ԲԼՈԳ

Արդյունաբերական դիզայնի գրանցումը Հայաստանում. գործնական ուղեցույց հայտատուների համար

Արդյունաբերական դիզայնը մտավոր սեփականության կարևոր օբյեկտ է, որը թույլ է տալիս պաշտպանել արտադրանքի արտաքին տեսքը և պահպանել մրցակցային առավելությունները շուկայում։ Հայաստանում գրանցման (արտոնագրման) ընթացակարգը համեմատաբար արագ և հստակ է, սակայն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել։

Այս հոդվածում կքննարկենք Հայաստանում արդյունաբերական դիզայնի արտոնագրման պահանջները, ընթացակարգը և գործնական նրբությունները։

Ի՞նչ է արդյունաբերական դիզայնը

Արդյունաբերական դիզայնն իրի կամ նրա մի մասի արտաքին տեսքն է, որը դրա բնորոշ հատկանիշների, մասնավորապես ուրվագծերի, գույների, ձևերի, կազմվածքի, ինչպես նաև նյութերի և (կամ) դրա զարդանախշի արդյունքն է։

Պաշտպանվում է միայն տեսողական ընկալումը, այլ ոչ թե արտադրանքի տեխնիկական գործառույթը։

Պաշտպանունակության չափանիշները Հայաստանում

Հայաստանի օրենսդրության համաձայն արդյունաբերական դիզայնը պետք է համապատասխանի երկու հիմնական չափանիշների՝

Նորություն

Արդյունաբերական դիզայնը համարվում է նոր, եթե մինչև հայտի առաջնության թվականն այն աշխարհում չի բացահայտվել։

Ինքնատիպություն

Արդյունաբերական դիզայնն ինքնատիպ է, եթե տեղեկացված սպառողի վրա թողած ընդհանուր տպավորությունը տարբերվում է ցանկացած այլ արդյունաբերական դիզայնի թողած ընդհանուր տպավորությունից

Նորության արտոնություն․ կարևոր առավելություն

Հայաստանում գործում է 12 ամսյա նորության արտոնյալ ժամանակահատված։

Եթե դիզայնը բացահայտվել է հենց հեղինակի կողմից (օրինակ՝ ցուցահանդեսում կամ համացանցում), ապա նա ունի 12 ամիս հայտ ներկայացնելու համար՝ առանց նորության կորստի։

Սա հատկապես կարևոր է՝

  • ստարտափների համար,
  • դիզայներների համար,
  • շուկա արդեն մուտք գործած ընկերությունների համար։

Արտոնագրման ընթացակարգը. ինչպես է դա գործում գործնականում

Հայաստանում արդյունաբերական դիզայնի արտոնագրման գործընթացնառանձնանում է հստակ կառուցվածքով և համեմատաբար կարճ ժամկետներով։

1. Հայտի ներկայացում

Հայտը ներառում է՝

• դիմում,

• դիզայնի պատկերներ,

• հայտատուի և հեղինակի մասին տեղեկություններ,

• նկարագրություն՝ անհրաժեշտության դեպքում,

• սահմանված պետական տուրքերի վճարման փաստաթուղթ։

2. Նախնական փորձաքննություն (10 աշխատանքային օր)

Այս փուլում ստուգվում է՝

• բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը,

• ձևակերպման ճշտությունը,

• պետական տուրքերի վճարումը։

Նախնական փորձաքննության արդյունքներով ընդունվում է որոշում հայտի հրապարակման և ըստ էության փորձաքննության անցկացման վերաբերյալ։

3. Հայտի հրապարակում

Հայտի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի պաշտոնական տեղեկագրի մոտակա համարում (այսուհետ՝ ՄՍ գրասենյակ)։

Հրապարակման օրվանից սկսվում է հաջորդ փուլը։

4. Ըստ էության փորձաքննություն (3 ամիս)

Ըստ էության փորձաքննությունը տևում է 3 ամիս, ներառյալ՝

• 2 ամիս հրապարակման շրջան, որի ընթացքում երրորդ անձինք կարող են ներկայացնել առարկություններ դիզայնի գրանցման դեմ,

• հնարավոր առարկությունների քննարկում՝ հաշվի առնելով հայտատուի ներկայացրած նկատառումները և հիմնավորումները։

5. Որոշման ընդունում

Փորձաքննության արդյունքներով ընդունվում է որոշում՝

• արտոնագիր տալու, կամ

• արտոնագիր տալը մերժման վերաբերյալ։

Որոշումը կայացվում է՝ հաշվի առնելով՝

• երրորդ անձանց հնարավոր առարկությունները,

• հայտատուի պատասխանները այդ առարկություններին։

6. Արտոնագրի տրամադրում և հրապարակում

Դրական որոշման դեպքում հայտատուն պարտավոր է՝

• վճարել արտոնագիր տալու համար սահմանված պետական տուրքը,

• վճարել առաջին 5 տարվա ընթացքում արդյունաբերական դիզայնի պահպանության պետական տուրքը։

Դրանից հետո արտոնագրված դիզայնի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է Հայաստանի ՄՍ գրասենյակի տեղեկագրի մոտակա համարում։

Իրավական պաշտպանության ժամկետը

Հայաստանում արդյունաբերական դիզայնը պաշտպանվում է՝

• 5 տարի՝ հայտի ներկայացման թվականից,

• հնարավոր երկարաձգմամբ մինչև 25 տարի։

Արդյունաբերական դիզայնի միջազգային գրանցում

Եթե ձեր բիզնեսն ուղղված է ոչ միայն Հայաստանի շուկային, կարևոր է նախապես մշակել միջազգային պաշտպանության ռազմավարություն։

Գոյություն ունեն երկու հիմնական մեխանիզմներ՝

Հաագայի միջազգային գրանցման համակարգ

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) կողմից կառավարվող Հաագայի համակարգը թույլ է տալիս՝

• ներկայացնել մեկ միջազգային հայտ,

• ընտրել միաժամանակ մի քանի երկրներ,

• կենտրոնացված կերպով կառավարել իրավունքները։

Սա օպտիմալ լուծում է գլոբալ շուկաներում գործող կամ արտահանում նախատեսող ընկերությունների համար։

Եվրասիական արդյունաբերական նմուշների պաշտպանության համակարգ

Եվրասիական արտոնագրային գերատեսչության միջոցով հնարավոր է ստանալ պաշտպանություն միաժամանակ ութ երկրներում։

Առավելությունները՝

• մեկ հայտ,

• միասնական փորձաքննություն,

• մեկ միասնական պահպանական փաստաթուղթ։

Սա հատկապես հարմար է եվրասիական տարածաշրջանի շուկաներին ուղղված բիզնեսի համար։

Գործնական խորհուրդներ

Հայաստանի պրակտիկան հաշվի առնելով՝ հայտատուներին խորհուրդ է տրվում՝

• հնարավորինս շուտ ներկայացնել հայտ (չնայած «նորության արտոնյալ ժամանակահատված»-ի առկայությանը),

• իրականացնել նախնական որոնում,

• հատուկ ուշադրություն դարձնել պատկերների որակին,

• պատրաստ լինել երրորդ անձանց հնարավոր առարկություններին,

• նախապես մշակել միջազգային պաշտպանության ռազմավարություն։

Տիպիկ սխալներ

Պրակտիկայում հաճախ հանդիպում են՝

• դիզայնի բացահայտում մինչև հայտի ներկայացումը՝ առանց ռիսկերի գնահատման,

• պատկերների թույլ տեսողական մշակում,

• առարկությունների փուլի թերագնահատում,

• մեկ երկրի սահմաններից դուրս պաշտպանության ռազմավարության բացակայություն։

Եզրակացություն

Հայաստանում արդյունաբերական դիզայնի արտոնագրման համակարգը համատեղում է՝

• հայտի քննարկման կարճ ժամկետներ,

• առարկությունների մեխանիզմի առկայություն,

• ճկունություն՝ շնորհիվ «նորության արտոնյալ ժամանակահատված»-ի,

• միջազգային պաշտպանության համակարգերին ինտեգրվելու հնարավորություն։

Ճիշտ մոտեցման դեպքում սա թույլ է տալիս ոչ միայն պաշտպանել դիզայնը, այլ նաև արդյունավետ օգտագործել այն որպես բիզնես ակտիվ։

Մասնագետի մասին

Ավետիս Պերյան — մտավոր սեփականության ոլորտի մասնագետ, արտոնագրային հավատարմատար գյուտերի և արդյունաբերական դիզայնների գծով՝ ավելի քան 28 տարվա փորձով, այդ թվում՝ 17 տարի ղեկավարել է գյուտերի և արդյունաբերական դիզայնների փորձաքննության բաժինը Հայաստանի Հանրապետության ՄՍ գրասենյակում։

Ինչպես կարող եմ օգնել

Ես առաջարկում եմ մասնագիտական ծառայություններ՝

• արդյունաբերական դիզայնների գրանցում Հայաստանում,

• հայտերի և պատկերների պատրաստում,

• փորձաքննության ուղեկցում և առարկությունների հետ աշխատանք,

• միջազգային գրանցում (Հաագա, ԵԱԱԳ),

• դիզայնի պաշտպանության ռազմավարության մշակում։

Եթե ցանկանում եք արագ և հուսալի պաշտպանել ձեր արտադրանքի արտաքին տեսքը՝ կարող եք դիմել ինձ խորհրդատվության կամ ամբողջական ուղեկցման համար։

📧 info@peryanip.am

📞+ 374 41 896 561
2026-04-07 11:58 Արդյունաբերական դիզայն