ԲԼՈԳ

Ինչպես է անցնում գյուտի արտոնագրումը Հայաստանում․ քայլ առ քայլ ուղեցույց

Գյուտի արտոնագրումը Հայաստանում տեխնիկական լուծումների՝ գյուտերի իրավական պաշտպանություն է, որը տրամադրում է բացառիկ իրավունք տվյալ օբյեկտը օգտագործելու համար։ Այս հոդվածում ներկայացնում ենք, թե ինչպես է անցնում արտոնագրումը Հայաստանում, ինչ փուլեր է ներառում, որքան ժամանակ է տևում և ինչ փաստաթղթեր է անհրաժեշտ պատրաստել։

1. Ի՞նչ կարելի է արտոնագրել Հայաստանում

Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ արտոնագիր տրվում է տեխնիկայի ցանկացած բնագավառում կատարված լուծումներին՝ գյուտերին։

Հայաստանում տրվում է՝ գյուտի արտոնագիր և գյուտի կարճաժամկետ արտոնագիր։

Ենթարկա չեն արտոնագրման՝ գիտական տեսություններ, մաթեմատիկական մեթոդներ, գաղափարներ առանց տեխնիկական իրագործման և այլն։

2. Որտե՞ղ է ներկայացվում արտոնագրային հայտը

Գյուտի հայտը ներկայացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կառուցվածքում գործող Մտավոր սեփականության գրասենյակ։ Հայտը կարող է ներկայացվել՝

  • անձամբ կամ փոստով,
  • ՄՍ գրասենյակի էլեկտրոնային համակարգով,
  • լիազորված անձի կամ արտոնագրային հավատարմատարի միջոցով։

3. Արտոնագրման փուլերը Հայաստանում

1. Հայտի նախապատրաստում

Հայտը պետք է ներառի՝

  • դիմում,
  • գյուտի նկարագրություն,
  • գյուտի հավակնության սահմանում,
  • համառոտ շառադրանք (ռեֆերատ),
  • գծագրեր (եթե կան),
  • պետական տուրքի վճարման անդորրագիր։

2. Նախնական փորձաքննություն

Ստուգվում է՝

  • հայտի նյութերի ձևակերպման ճիշտ լինելը,
  • փաստաթղթերի ամբողջականությունը,
  • պետական տուրքի ճշգրիտ վճարումը։

Առանց թերությունների հայտն ընդունվում է հաջորդ փուլ։

3. Հայտի հրապարակում (միայն գյուտի արտոնագիր խնդրարկելու դեպքում)

Հայտը հրապարակվում է ՄՍ գրասենյակի պաշտոնական տեղեկագրում՝ առաջնության թվականից (հայտի ներկայացման) օրվանից 18 ամիս անց, եթե վաղ հրապարակման պահանջ չի ներկայացվել։

4. Ըստ էութան փորձաքննություն (միայն գյուտի արտոնագիր խնդրարկելու դեպքում)

Իրականացվում է հայտատուի ներկայացված (հայտը ներկայացնելու օրվանից 5 տարվա ընթացքում) դիմումի հիման վրա։

Ներառում է՝

  • աշխարհում առկա արտոնագրերի և հրապարակումների ուսումնասիրություն,
  • նորության, գյուտարարական մակարդակի և արդյունաբերական կիրառելիության գնահատում։

Փորձաքննության արդյունքներով կայացվում է որոշում՝ արտոնագիր տալու կամ արտոնագիր տալը մերժելու վերաբերյալ։

5. Արտոնագրի գրանցում և տրամադրում

Փորձաքննության հաջող ավարտից հետո գյուտը գրանցվում է պետական գրանցամատյանում, և հայտատուին տրամադրվում է Հայաստանի Հանրապետության գյուտի արտոնագիր կամ գյուտի կարճաժամկետ արտոնագիր։ Այդ պահից հայտատուն ստանում է գյուտի նկատմամբ բացառիկ իրավունք։

4. Արտոնագրի գործողության ժամկետը

  • Գյուտի արտոնագիր – մինչև 20 տարի (ղեղագործական ոլորտի գյուտերի համար մինչև 25 տարի),
  • Գյուտի կարժաժամկետ արտոնագիր – մինչև 10 տարի։

Անհրաժեշտ է ամեն տարի վճարել պետական տուրք՝ արտոնագիրի գործողությունն ուժի մեջ պահելու համար։

5. Միջազգային արտոնագրում Հայաստանի միջոցով

Հայաստանը անդամ է Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրին (PCT) և Եվրասիական արտոնագրային կոնվենցիային (ԵԱԱԿ)։ Սա թույլ է տալիս՝

  • ներկայացնել միջազգային հայտ,
  • ստանալ Եվրասիական արտոնագիր, որը գործում է ԱՊՀ 8 երկրներում։

6. Որքա՞ն արժե արտոնագրումը

Գինը կախված է օբյեկտի տեսակից, փաստաթղթերի ծավալից, հավակնության սահմանման կետերի (անկախ և կախյալ) քանակից և այլ գործոններից։ Վճարվում են պետական տուրքեր՝

  • հայտ ներկայացնելու,
  • ըստ էության փորձաքննության (համապատասխան դեպքերում),
  • արտոնագիր տալու,
  • արտոնագիրն ուժի մեջ պահելու համար։

7. Պե՞տք է արդյոք ներկայացուցիչ կամ արտոնագրային հավատարմատար

Թեև հնարավոր է հայտ ներկայացնել ինքնուրույն, հաստատ խորհուրդ է տրվում դիմել արտոնագրման հարցերով մասնագետի, եթե՝

  • գյուտի օբյեկտը տեխնիկապես բարդ է,
  • ներկայացնում եք կազմակերպություն,
  • նախատեսվում է միջազգային կամ եվրասիական արտոնագրում։

Փորձառու ներկայացուցիչը կօգնի ճիշտ կազմել հայտը, կատարել նախնական արտոնագրային որոնում և ուղեկցել գործընթացը մինչև արտոնագրի տրամադրումը։

Արտոնագրումը Հայաստանում Ձեր մտավոր սեփականության պաշտպանությունն ապահովելու և շուկայում առավելություն ստանալու հուսալի ճանապարհ է։
Եթե ցանկանում եք արագ և արդյունավետ ստանալ արտոնագիր՝ նվազագույն ռիսկերով, դիմեք խորհրդատվության։ Ես, Ավետիս Պերյանը, արտոնագրային հավատարմատար գյուտերի և արդյունաբերական դիզայնների գծով, ոլորտի ավելի քան 28 տարվա փորձ ունեցող մասնագետը, կօգնեմ Ձեզ անցնել բոլոր փուլերը՝ գաղափարից մինչև արտոնագիր։

📧 info@peryanip.am

📞+ 374 41 896 561
Գյուտ
Made on
Tilda